on the silk road


ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
April 23, 2008, 9:30 pm
Filed under: Uncategorized

ԷԴՈՒԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Թէ ինչպէ՜ս Դաշնակցութիւնը և դաշնակցականը մտան Հայաստան, ինչպէ՜ս ծաւալեցին դաշնակցականներն իրենց գործունէութիւնը Հայաստանում, ինչպէ՜ս Դաշնակցութիւնը վտարուեց Հայրենիքից, բանտարկուեց ու ազատ արձակւեց՝ այս ամէնը յայտնի է։ Գուցէ դեռեւս յայտնի չեն այս իրադարձութիւնների մութ ծալքերը, բայց նրանք այսօր շատ էլ չեն հետաքրքրում։ Այնուամենայնիւ, կան հարցեր, որոնց պատասխանները գտնելուց յետոյ միայն կարելի է խօսել մեր անելիքների մասին և մշակել այդ անելիքների ռազմավարութիւնը։ Խօսքը ոչ միայն Դաշնակցութեան, այլ առաջին հերթին դաշնակցականի մասին է։

Ինչո՞ւ և ինչպէ՞ս Դաշնակցութիւնը վերադարձաւ Հայրենիք, ինչպէ՞ս Հայրենիքում յայտնուեց դաշնակցականը, ո՞ւմ ձեռնտու չէր նրանց վերադարձը, ինչո՞ւ և ինչպէ՞ս հալածուեց Դաշնակցութիւնը, ո՞վ էր շահագրգռուած Դաշնակցութեան վարկափրկման մէջ, ինչո՞ւ մենք պարտուեցինք Ազգային Ժողովի ընտրութիւններում։ Նախքան մեր անելիքների ռազմավարութիւնը մշակելը, անհրաժեշտ է գտնել այս և մի շարք այլ նման հարցերի պատասխանները։

Դաշնակցութիւնը Հայաստան մտաւ իր բարձրագոյն ժողովի, այսինքն՝ Ընդհանուր Ժողովի որոշմամբ, որը բխում էր Դաշնակցութեան Ծրագրից, գաղափարախօսութիւնից և կուսակցութեան ամբողջ էութիւնից։ Հ.Յ. Դաշնակցութիւնը վտարանդի դառնալուց յետոյ, առաջին իսկ օրից, քաջ գիտակցում էր, որ Հայրենիքից դուրս մնալը թէ՜ կուսակցութեան և թէ ժողովրդի համար ժամանակաւոր երեւոյթ էր և նրանք կը վերադառնան Հայրենիքի՝ առաջին իսկ հնարաւորութեան դէպքում։ Սակայն Դաշնակցութեան վերադարձը Հայրենիք ոչ բոլորի համար էր ցանկալի։

Բանը նրանումն էր, որ Դաշնակցութիւնը որպէս Խորհրդային իշխանութեան կողմից հալածուող և Խորհրդային իշխանութեանն ընդդիմադիր մի կուսակցութիւն, որպէս հերոսական պատմութիւն ունեցող, Սփիւռքը կազմակերպող և Հայ Դատի համար պայքարող կազմակերպութիւն մեծ հեղինակութիւն էր վայելում հայ ժողովրդի մէջ և կարող էր լուրջ վտանգ ներկայացնել Հայաստանի նոր իշխանութիւնների համար, եթէ այդ իշխանութիւնները իշխանութիւնը վերցնէին ժողովրդավարական ընտրութիւնների ճամբով։ Բացի դրանից Հայաստանի նոր իշխանութիւնները վայելում էին Արեւմուտքի, մասնաւորապէս Ամերիկայի Միացեալ Նահանգների հովանաւորութիւնը, և այդ նոր իշխանութիւնների, ինչպէս նաեւ նրանց հովանաւորներին հակառակ էին թէ՜ Հ.Յ.Դ. ազգայնականութիւնը, թէ՜ ընկերվարութիւնը և թէ յեղափոքականութիւնը։ Դաշնակցութեան վարկահաստատման հետ համաձայն չէին նաեւ այն պատմաբանները, քաղաքական գործիչներն ու արուեստագէտները, որոնք գիտնականներ ու արուեստագէտներ էին դարձել հակադաշնակցական քարոզչութեան ալիքի վրայ։ Դաշնակցութեան Հայաստան մուտք գործելու հետ համաձայն չէր նաեւ ժողովրդի որոշ մասը, որը նախ մտահոգ էր, որ Հ.Յ.Դ. երկրում կը ստեղծի յեղափոխական մթնոլորտ, իսկ յետոյ ենթագիտակցաբար չէր ուզում Հայաստանում տեսնել ՙդրսից եկած՚ների մեծ դերակատարութիւնը։

Պատահականօրէն Հայաստանում լսեցի մի արտայայտութիւն, որը կարելի էր համարել այդ տրամադրութիւնների նշանաբանը. ՙՆրանք Սփիւռքում ապրեցին առանց հալածանքների, բարգաւաճ կեանքով, հիմա էլ ուզում են այստեղ շարունակել այդ կեանքը։ Մենք էլ մեր դժբախտ կեանքն ենք շարունակելու, քանզի ո՜չ դրամ ունենք, ոչ էլ ազատ շուկայի փորձ՚։

Եւ վերջապէս, Դաշնակցութեան ընկերվարութիւնն անհասկանալի էր հայ ժողովրդի համար, որը երազում էր դրամատիրական վարչակարգի մասին և համոզուած էր, որ դա Հայաստանը փրկելու միակ ճանապարն էր։

Այսպէս թէ այնպէս Հայաստանում սկսուեցին Դաշնակցութեան դէմ ուղղուած հալածանքներ՝ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի վտարում, կուսակցութեան արգելում, գոյքի բռնագրաւում, ընկերների ձերբակալում և այլն։ Այդ միջոցին իշխանութեան գլուխ անցած թալանչիներկ, դրամատիրական վարչակարգ կառուցելու պատրուակի տակ կողոպտեցին երկիրը, իսկ ժողովուրդը համտեսեց դրամատիրական վարչակարգի առաւելութիւնները և կա՜մ փախաւ երկրից, կամ էլ ընկաւ աղքատութեան գիրկը։

Դժբախտաբար, Դաշնակցութիւնն այս կացութեան մէջ չորդեգրեց կարծր ընդդիմադիր ուժի կեցուածք ու փորձեց լեզու գտնել յանցաւոր իշխանութիւնների հետ և դա ոչ միայն թուլացրեց նրա դիրքերը, այլեւ պակասացրեց նրա հեղինակութիւնը ժողովրդի մէջ, որը Դաշնակցութիւնից շատ աւելին էր սպասում, քան նա արեց։

Սակայն 1998 թ. Սկզբին կացութիւնը փոխուեց։ Փոփոխութիւնների գլխաւոր հեղինակը Ռուսաստանն էր։ Ռուսաստանն արդէն վաղուց մտահոգուած էր Հայաստանի արեւմտեան կողմնորոշմամբ, որովհետեւ կորցնում էր Կովկասում իր միակ բնական դաշնակցին և դրա հետ միասին միակ յենակէտը։ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Չեչնիան և Կովկասի շատ ժողովուրդներ ունէին հակառուսական տրամադրութիւններ և միայն Հայաստանի ճամբով էր, որ Ռուսաստանը կարող էր հաստատել իր ներկայութիւնն Անդրկովկասում։

Ռուսաստանը սկսեց Հայաստանում դաշնակիցներ որոնել իր ոտքը, այսպէս ասած, Հայաստանում հաստատելու համար։ Որպէս դաշնակիցների թեկնածուներ Ռուսաստանը քննարկեց Հայաստանի կոմունիստների հետ համագործակցելու տարբերակը, Ե. Պրիմակովի լաւ բարեկամ Կ. Դեմիրճեանին, ինչպէս նաեւ Հ.Յ. Դաշնակցութեանը՝ ոպէս Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանի։ Սակայն թէ՜ Հայաստանի կոմունիստները և թէ՜ Կ. Դեմիրճեանը պատկանում էին խորհրդային կոմունիստական ուղղութեանը և որեւէ բան չէին կարող անել, առանց խորհրդային իշխանութեան վերականգնման։ Իսկ այդ բանը գոյութիւն ունեցող պայմաններում չէր կարող տեղի ունենալ։ Ինչ վերաբերւում է Հ.Յ. Դաշնակցութեան, ապա նա հասկացնել տուեց Ռուսաստանի ազգային ուժերի հետ՝ որպէս հաւասարը հաւասարի, բայց ոչ ենթարկուելով Ռուսաստանի թելադրանքներին։

Ռուսաստանը գտաւ մէկ ուրիշ թեկնածու։ Պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանը դարձաւ այն մարդը, որի վրայ յենուելով Հայաստանում կազմակերպուեց իշխանափոխութիւն։ Իշխանափոխութեան հետեւանքով արեւմտասիրութեան թեւը նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հետ միասին պաշտօնազրկուեցին։

Նոր նախագահը յոյս էր ներշնչում, որ հաւատարիմ կը մնայ Ռուսաստանին, քանզի Ռուսաստանի և Հայաստանի պետական շահերը համընկնում են։ Բանտից ազատուեցին դաշնակցական գործիչները, արտօնուեց կուսակցութեան գործունէութիւնը և Դաշնակցութիւնն սկսեց իր գործունէութեան նոր փուլը, որի առաջին քայլկ նախագահական ընտրութիւններն էին։ Հ.Յ.Դ.ն պաշտպանեց Ռ. Քոչարեանին և ընդհանուր գնահատականն այն էր, որ առանց Դաշնակցութեան աջակցութեան Քոչարեանը հազիւ թէ ընտրուէր։ Սակայն, ընդհանուր գնահատականի համաձայն, Ռ. Քոչարեանը ոչբաւարար հատուցեց Դաշնակցութեան աջակցութիւնը և Դաշնակցութիւնը չդարձաւ նախագահի գաղափարախօսական և քաղաքական յենարանը։ Այդ իսկ պատճառով Դաշնակցութիւնը չստացաւ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը լուծելու կարեւոր լծակներից գոնէ մի քանիսը։ Բացի դրանից, գուցէ և ճիշտ այդ պատճառով, երկրի թալանչիները չպատժուեցին, դեռեւս հասկանալի չէ, թէ արդեօք Քոչարեանը ի վիճակի չէ՞ր պատժելու նախորդ վարչակարգի յանցագործներին, չուզե՞ց այդ բանը անել, թէ՞ պարզապէս Հ.Հ.Շ.ական իշխանութեան յանցագործները մնացին անպատիժ և այդ վիճակում երկիրը գնաց դէպի Ազգային Ժողովի ընտրութիւն։

Այսպէս Հ.Յ. Դաշնակցութիւնը մտաւ Հայաստան։ Իսկ ինչպէ՞ս Հայաստան մտաւ դաշնակցականը։ Որտեղի՞ց Հայաստանում յայտնուեցին դաշնակցականներ։

Եթէ չհաշուենք այն մի քանի տասնեակ դաշնակցականների որոնք մտան Հայաստան արտասահմանից և ոմանք մնայուն կերպով հաստատուեցին Հայրենիք, մնացած դաշնակցականներն արդէն տեղում էին, նրանք Հայաստանի քաղաքացիներ էին ու ոչ մէկ ուրիշ երկրից չէին եկել։ Այստեղ առիթից օգտուելով պիտի նշեմ որ այն մի քանի տասնեակ ՙերկուոր դաշնակցականները հրաշք գործեցին Հայաստանում, իրենց հետ Հայրենիք բերելով դաշնակցական ոգին, ազնուութիւնը ու նրանք կարողացան Հայաստանում ստեղծել դաշնակցական մթնոլորտ, որտեղ էլ ծնուեցին դաշնակցական շարքերը։ Մեր կուսակցութիւնը երախտապարտ է այդ ՙեկուոր՚ մեր ընկերներին, որոնց անունները կուսակցական աւանդութեան համաձայն չեմ տալիս։

Այսպիսով, դաշնակցական ստեղծուեց Հայաստանում դրսից եկող քարոզների ազդեցութեան տակ բայց Հայաստանի քաղաքացիներից, որոնք դաստիարակուել էին խորհրդային վարչակարգի տակ, ապրել էին խորհրդային արժէքներով ու ընտելացել էին խորհրդային իշխանութեանը։ Դա ունէր անշուշտ, իր բացասական կողմերը, սակայն ունէր մէկ դրական կողմ, որն էր խորհրդային մարդու, նամանաւանդ երիտասարդի նկարագիրը։ Բազմիցս մենք նշել ենք, որ Դաշնակցութիւնը նախ և առաջ նկարագիր է, ամէն մարդ չի կարող լինել դաշնակցական։ Եւ այդ խրոխտ վճռական նկարագիր ունեցող, անարդարութիւնից տառապող և ազատութիւն սիրող մարդկանց դաստիարակել էր խորհրդային իշխանութիւնը, նրանք անմիջապէս յայտնուեցին Դաշնակցութեան կողքին։ Բայց այն ժամանակ Դաշնակցութեան կողքին ու Դաշնակցութեան մէջ յայտնուեցին ոչ միայն հոգեկան, այլ նաեւ նիւթական բաւարարութիւն որոնողները, որոնք ճգնաժամային պահերին լքեցին մեզ։

Բայց հիմա խօսքը այդ մասին չէ։ Խօսքն այն մասին է, որ այն ժամանակ դաշնակցականը գտել էր իր տեղը։ Իսկ այսօր ամէն մի շարքային դաշնակցականի առջեւ (խօսքը Հայաստանի դաշնակցականի մասին է) կանգնած է ՙի՞նչ անել՚ հարցը։ Այս հարցի պատասխանը, անշուշտ, պիտի խի կուսակցութեան անելիքներից, ուստի վերադառնանք Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններին։

Դաշնակցութեան դիրքերը բաւական թուլացած էին, երբ նա մտաւ ընտրապայքարի մէջ, քանզի ժողովուրդը սպասում էր, որ Դաշնակցութիւնը կը պատժի յանցագործներին և Հայաստանը դուրս կը բերի տնտեսական ու քաղաքական ճգնաժամից։ Բայց Դաշնակցութիւնն այդ բանը ի վիճակի չէր անելու, որովհետեւ չունէր համապատասխան լծակներ, ապա որոշ չափով իշխանամէտ դիրքեր գրաւելով չէր կարող փոխել իշխանութեան և յատկապէս նախագահի տրամադրութիւնները։ Պէտք է ասել, որ խորհրդարանական ընտրութիւններին Դաշնակցութիւնը լաւ պատրաստուեց, յամենայնդէպս, մեծ ջանքեր գործադրեց քարոզարշաւը կազմակերպելու համար և պէտք է ասել, որ այդ ջանքերն արդարացուեցին և ընտրութիւնների նախօրեակին Դաշնակցութեան հեղինակութիւնը շատ բարձր էր։ Սակայն, ինչպէս պարզուեց ընտրութիւններից յետոյ, մեր ժողովրդի հասարակական վարքագծի վրայ ազդում են ոչ այնքան գաղափարախօսական ուր բարոյական գործօնները, որքան նիւթական, իշխանական գործօնները, որոնց վրայ էլ ազդեցին ընտրարշաւի մէջ ընդգրկուած գործիչները։

Այսօր, ընտրութիւնների աւարտից յետոյ, մենք կարող ենք ասել, որ մէկ պատգամաւորի փոխարէն Ազգային Ժողովում մենք ունեցանք 8 պատգամաւոր, որ ժողովուրդը մեզ ճանաչեց, որ մենք ստացանք մեր գաղափարները Ազգային Ժողովի ամբիոնից քարոզելու հնարաւորութիւնը, բայց իրականում մենք պարտուեցինք։ Մեր հիմնական թեկնածուներից միայն երեքն անցան մեծամասնական ցուցակով, իսկ մնացածը՝ յայտնի դաշնակցական գործիչներ, այդ ցուցակով չանցան։ Այսօր արդէն պարզ է, որ Հ.Յ. Դաշնակցութեան թեկնածուները չանցան լաւ կազմակերպուած մի ինչ որ մեքենայութեան հետեւանքով, որին այս կամ այն չափով մասնակցում էին Հայաստանի և նոյնիսկ Ղարաբաղի ղեկավար շրջանակաները։

Բանը նրանումն է, որ երկրի նախագահը խոստացել էր կազմել այնպիսի կառավարութիւն, որն արտայայտէր Ազգային Ժողովի քաղաքական ուժերի դասաւորութիւնը։ Ճիշտ այս պատճառով, կարելի է ենթադրել, որ քաղաքական ուժերի դասաւորութիւնը Ազգային Ժողովում գուցէ համապատասխանում է ժողովրդի կամքին, բայց այդ կամքը ստեղծուեց արհեստականօրէն, տարեբր ազդեցութիւնների տակ, որոնք խաղում էին յոգնած ու քաղցած մեր ժողովրդի պահանջները բաւարարելու կեղծ խոստումների հետ։

Ժողովրդի կամքը ձեւակերպելու հարցում մեծ դեր խաղաց նախորդ վարչակարգի, այսինքն՝ խորհրդային իշխանութեան նկատմամբ ժողովրդի մէջ մնացած կարօտը։ Տարօրինակ կերպով ժողովուրդն այլեւս չէր յիշում խորհրդային իշխանութեան բռնութիւնները, կաշառակերութիւնները, անարդարութիւնները, բայց չէր մոռացել անվճար ուսումը, կրթութիւնը և մի շարք այլ առաւելութիւններ, որոնք կապ ունէին ընկերվարական բկզունքների հետ։

Ստեղծուած մթնոլորտում կարելի էր սպասել, որ ՙՄիասնութիւն՚ դաշինքը, այսինքն՝ Կ. Դեմիրճեանի և Վ. Սարգսեանի համագործակցութեան քաղաքական միաւորը Ազգային Ժողովում ձեռք կը բերի մեծամասնութիւն և այդ մեծամասնութիւնը կօգտագործի իրենց դաշինքի օգտին։ Այդպէս էլ եղաւ։ Ինչ վերաբերում է Դաշնակցութեանը, ապա նա երկու անխարարի փոքարէն ունեցաւ միայն մէկ նախարար։ Յաջողութիւն կերլի օ համարել Վահան Յովհաննիսեանի դիրքը Ազգային Ժողովում, որն ինչպէս յայտնի է գրաւեց Պաշտպանութեան և Ներքին Գործերի յանձնաժողովի նախագահի պաշտօնը։ Սակայն կեան ենթադրութիւններ ու նշաններ, որ Հայաստանում տեղի են ունենալու փոփոխութիւններ, որոնք արմատապէս կարող են ազդել քաղաքական ուժերի դասաւորութեան վրայ։

Բայց նախ տեսնենք, թէ ինչպիսի՜ կացութիւն ստեղծուեց Հայաստանում խորհրդարանական ընտրութիւններից յետոյ։ Նախ՝ պարզուեց, որ Հայաստանում ջախջախիչ պարտութիւն կրեց ազատական մտայնութիւնը և Հայաստանում կը ստեղծուի պետութեան կողմից վերահսկուող տնտեսվարութիւն։ Քաղաքական կողմնորոշումը զգալիօրէն փոխուելու է յօգուտ Ռուսաստանի։ Երկրում ստեղծուեց սխալ սեփականաշնորհման քաղաքականութիւնը շտկելու տրամադրութիւն, որի իրականացման դէպքում կարող է տեղի ունենալ աշխատատեղերի աւելացում։

Ի՞նչ փոփոխութիւններ կարող են տեղի ունենալ ստեղծուած կացութեան մէջ։

Նախ և առաջ նշենք, որ պաշտպանութեան նախարարի պաշտօնը իշխանութեան և երկրի իրադարձութիւնների վրայ ազդելու իմաստով շատ աւելի կարեւոր պաշտօն է, քան վարչապետի պաշտօնը։ Պաշտպանութեան նախարարը սովորական նախարար չէ, այլ այն նախարարն է, որին ենթարկւում է զօրքը, այսինքն՝ երկրի գլխաւոր ուժը։ Միայն շատ ժողովրդավարական աւանդութիւններ ունեցող երկրներում բանակը իշխանութիւնների համար մեծ վտանգ չի ներկայացնում։ Երկրի վարչապետը այդ իշխանութիւնը չունի և նրա պատասխանատուութիւնը շատ մեծ է ու ամենախոցելին՝ քննադատութեան իմաստով։ Եւ բաւականին տարօրինակ էր թւում, որ Վազգէն Սարգսեանկ յանձնեց պաշտպանութեան նախարարի պաշտօնը մէկ ուրիշի, իսկ ինքը բաւարարուեց վարչապետի պաշտօնով։

Մեր երկրում պատահական բաներ տեղի չեն ունենում, ուստի կարելի է ենթադրել, որ այդ քայլը մտածուած էր և շատերի համար համաձայնեցուած։ Բայց տեսնենք, թէ որտե՜ղ կարող է թացուած լինել շան գլուխը։ Բոլոր վերլուծութիւնները յանգեցնում են այն եզրակացութեան, որ ՙՄիասնութիւն՚ դաշինքն օգտուելով Ազգային Ժողովի իր մեծամասնութիւնից՝ կարող է վերանայել երկրի Սահմանադրութիւնը և նախագահական հանրապետութիւնից վերածել այն վարչապետական հանրապետութեան, ինչպիսին է, օրինակ Գերմանիան, որտեղ վարչապետը (կանցլերը) երկրի առաջին դէմքն է։ Այդ ճանապարհով Վազգէն Սարգսեանը կը դառնայ Հայաստանի առաջին դէմքը։

Որքանո՞վ նախագահ Ռ. Քոչարեանին ձեռք կը տայ մանկապարտէզներ ու մարզադաշտեր բացող նախագահի դերը՝ ցոյց կը տայ ժամանակը։ Գուցէ նոր Սահմանադրութեան մէջ իշխանութիւնը վարչապետի և նախագահտ միջեւ այնպէս բաժանուի, որ երկուսն էլ գոհ լինեն, բայց այսօր արդէն պարզ է, որ դեռեւս երկար ժամանակ Հայաստանում իշխանութիւնը Դաշնակցութեան ձեռքը չի անցնի այդ կուսակցութիւնը Հայաստանում դեռեւս երկար ժամանակ իշխանութեան ճամբով Հայաստանի ՜և հայ ժողովրդի ճակատագրում լուրջ դերակատար չի կարող լինել։

Ստեղծուած այս պայմաններից ելնելով էլ մենք պիտի կարողանանք որոշել Դաշնակցութեան և դաշնակցականի անելիքները Հայաստանում։ Անշուշտ, վերջնական որոշումը տալու է Հ.Յ.Դ. Ընդհանուր ԺՈղովը, բայց այժ ժողովը շատ մօտ է, ուստի մենք, պատրաստուելով այդ ժողովին, պէտք է քննարկենք մի շարք հարցեր, առնուազն ձեւակերպենք այն հրատապ հարցերը, որոնց պատասխանները պէտք է տայ Ընդհանուր Ժողովը։

Այսօր Հայաստանում դաշնակցականի և Դաշնակցութեան փոխյարաբերութիւնների մէջ ստեղծուել է մի կացութիւն, որը երբեմներբեմն խախտում է նրանց միջեւ միշտ գոյութիւն ունեցող համերաշխութիւնը։ Բանը նրանումն է, որ Դաշնակցութեան ղեկավարութիւնը Հայաստանում որոշ տեղ է գրաւում իշխանութեան մէջ և իր նախարարի, Ազգային Ժողովի պատգամաւորների, մարզպետի, մարզպետների տեղակալների ու տեղական իշխանութիւնների որոշ օղակների ճամբով մասնակցում է պետական գործունէութեանը։

Ի՞նչ անի շարքային դաշնակցականն իր ղեկավարներին օգնելու համար։

Նա ոչինչ չի կարող անել, բացի նրանցից, ովքեր կարողացել են տեղաւորուել այդ ղեկավարների կողքին, այսինքն՝ գրաւել մեծ ու փոքր պաշտօններ այդ նոյն ցանցում։ Սրանց թիւն, անշուշտ, շատ քիչ է։ Մի քանի տեղակալներ ու խորհրդականներ, մի քանի քարտուղարուհիներ և մի քանի վարորդներ։ Մնացած դաշնակցականներն անելիք չունեն, քանզի ստեղծուել է մի նոր կացութիւն, որին մենք սովոր չնեք։

Նախկինում դաշնակցականն էր ընտրում իր ղեկավարին, ենթարկւում էր իր կողմից ընտրուած ղեկավարին, իսկ ղեկավարը հաշուետու էր իրեն ընտրող կուսակցականների առջեւ։ Հայաստանում երկրի ղեկավարներին գոնէ ձեւականօրէն ընտրում է ժողովուրդը, որոնց մէջ են մտնում նաեւ Դաշնակցութեան ղեկավարները։ Նրանք յարգում են իրենց կուսակցական ընկերներին, բայց գիտեն, որ ընտրուել են ոչ նրանց ձայներով ու նաեւ գիտեն, որ աշխատանք ու պաշտօն տալու հարցում չեն կարող օգնել իրենց ընկերներին։

Դաշնակցութեան ու դաշնակցականի առջեւ խախտուած այս ներդաշնակութիւնը բաւականին վտանգաւոր երեւոյթ է, քանզի եթէ այդպէս շարունակուի՝ Դաշնակցութիւնը կարող է մնալ առանց դաշնակցականի, եթէ մենք չկարողանանք գտնել դաշնակցականի համար ազգին ծառայելու ոլորտը։ Դաշնակցութիւնն այսօր ծառայում է իր ժողովրդին կառավարութեան կողմից իրեն յատկացուած ոլորտի ճամբով, բայց այդ ոլորտում դաշնակցականն ունի շատ սահմանափակ դերակատարութիւն։ Սա նշանակում է, որ Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութեան Գերագոյն Մարմինը իր այն անդամներով, որոնք ընդգրկուած չեն պետական և կառավարական ոլորտում, պարտաւոր են մշակել գործունէութեան ծրագիր դաշնակցականի համար։ Շարքային դաշնակցականն այսօր Դաշնակցութիւնից պահանջում է գործունէութեան դաշտ թէ՜ գաղափարական և թէ նիւթական պահանջների բաւարարութեան համար։ Այդ դաշտը նրա համար Դաշնակցութիւնը չի կարող ստեղծել կառավարութեան ճամբով ու դրա համար մեղադրել Դաշնակցութեանը՝ տրամաբանութիւնից զուրկ է։

Նման դաշտ ստեղծելու գործը շատ դժուար է։ Մէկ կողմից, այդ դաշտում կատարուող աշխատանքները պէտք է համապատասխանեն Հ.Յ.Դ. բարոյական սկզբունքներին, միւս կողմից նրանք պէտք է բաւարարեն դաշնակցականի տարրական նիւթական պահանջները։ Սա էլ նոր երեւոյթ է։ Բացի մի քանի տասնեակ գործիչներից ու խմբագիրներից, դաշնակցականներն իրենց սեփական քրտինքով էին վաստակում իրենց ապրուստի համար անհրաժեշտ եկամուտը և այդ եկամուտից էլ վճարում էին իրենց կուսակցական և ազգային տուրքերը։ Այժմ դաշնակցականը ի վիճակի չէ վճարելու ոչ միայն դաշնակցական տուրքերը, այլեւ չի կարող սեփական ապրուստն ապահովել։ Նա երբեմն ստիպուած է լինում իր ապրուստի համար միջոցներ վաստակել ոչդաշնակցական ոլորտում, ինչն իրականում նշանակում է հրաժարուել դաշնակցական լինելուց, քանզի նա ստիպուած է լինում ենթարկուելու ոչդաշնակցական ղեկավարների թելադրանքներին։

Ուրեմն, ի՞նչ անի դաշնակցականը Հայաստանում։

Ես կարծում եմ, որ դաշնակցականը Դաշնակցութեան օգնութեամբ պիտի թափանցի Հայաստանի հասարակական կեանքի մէջ, վերահսկողութիւն հաստատի հասարակական կեանքի վրայ և կատարի աշխատանքներ, որոնք անձնազոհութիւն են պահանջում, գտնւում են հայ ազգային կեանքի կարեւոր հանգոյցներում։

Հասարակական կեանքի մէջ անհրաժեշտ է թափանցել արհմիութիւնների ճամբով, ստեղծել արհմիութենական գրասենեակներ և նրանց ճամբով վերասկողութիւն հաստատել աշխատանքային տեղերի բաշխման բնագաւառում։ Զարմանալ կարելի է, թէ ինչպէ՜ս երթեւեկութեան բնագաւառի վարորդները ահագին կաշառքներ են վճարում վարորդի պաշտօն ստանալու համար։ Նոյնը տիրում է պաղպաղակի կրպակ բացելու բնագաւառում։ Այսինքն՝ Հայաստանում աշխատանքը աշխատաւորների վերահսկողութեան տակ չէ, մի բան, ինչն արդէն վաղուց իրականացուաղ է բոլոր զարգացած դրամատիրական երկրներում։ Ապահովագրութիւնը, գների կարգաւորման հարցը, աշխատավարձի սահմանումը, առեւտրական պայմանագրերը, բնութեան պաշտպանութիւնը՝ այս ամէնը գտնւում է հասարակական վերահսկողութեան տակ և այդ վերահսկողները վճարովի հասարակական, բայց ոչպետական կազմակերպութիւններ են։

Ուզում եմ բերել մէկ յատկանշական օրինակ։ Երբ Հայաստանում տեղի ունեցաւ երկրաշարժ, Գերմանիայի Հասարակական Օգնութեան Գրասենեակը տուեց մեզ յատուկ տուփեր, որոնցով մեր երիտասարդները շրջեցին Միւնխենի փողոցներով և մի քանի օրուայ մէջ հաւաքեցին 40.000 գերմանական մարկ։ Մարդիկ այնքան սիրով էին կատարում իրենց նուիրատուութիւնները, որ մեզ թւում էր, թէ մի 10 օրուայն ընթացքում մենք մի քանի միլիոն մարկ նուիրատուութիւն կը հաւաքենք։ Բայց յաջորդ օրն այդ ւախարդական տուփերից մեզ այլեւս չտուեցին։ Նուիրատուութեան թոյլատրելի սահմանն արդէն լրացել էր, ինչը նշանակում էր, որ հասարակական կազմակերպութիւնը վերահսկողութիւն էր հաստատել իր քաղաքացիների նուէր տալու կամքի վրայ։ Բայց միաժմանակ դա նշանակում էր, որ գերմանացին վստահում էր հասարակական կազմակերպութիւններին և միայն նրանց տուփերի մէջ էր դնում իր նուիրատուութիւնը։

Եթէ մեզ յաջողուի իրականացնել վերահսկողութիւնը հասարակական կեանքի վրայ, ապա ժողովուրդը մեզանից շատ գոհ կը մնայ։ Մենք չպէտք է անենք այն, ինչ պետութիւնը չի անելու։

Այս նոյն կացութիւնն է տիրում մեր օգնութեան կարիքն ունեցող բնագաւառներում։ Բնակեցնել Ղարաբաղի դատարկուած շրջանները, օգնել գիւղացուն, ծառայել բարոյականութեան, օրինակ՝ հրաժարուել աղմկալից խնջոյքներից, պաշտպանել թոյլերին, պայքարել անարդարութեան դէմ և այլն։

Ո՞վ պիտի այս ամէնով զբաղուի, եթէ ոչ մենք։

Եթէ մենք բռնենք մեր գործունէութեան համար այս ճամբան, գուցէ ստեղծուի որոշ հակասական մթնոլորտ, քանզի մէկ կողմից Դաշնակցութիւնը իր ժողովրդի կողմից ընտրեալների ճամբով ջանում է դուրս բերել Հայաստանը ճգնաժամից, միւս կողմից՝ դաշնակցականը, հաւատարիմ իր երդումին ու խղճին, փորձում է թափանցել Հայաստանի հասարակական կեանքի մէջ առանց պետական հրահանգների, նոյնիսկ՝ քննադատելով կառավարութեանը։

Թող այս կացութիւնը տարօրինակ չթուայ, բայց հայ ժողովուրդը բոլոր հարցերի մէջ առաջինն է, թող այս հարցումն էլ առաջինը լինի։ Թող առաջին անգամը լինելով մի կուսակցութեան ներսում լինեն իշխանամէտ և ընդդիմադիր թեւեր։ Դա ամենեւին էլ չի խախտի կուսակցութեան միասնութիւնը, դա միայն մէկ անգամ եւս կապացուցի, որ Հ.Յ.Դ.ն ունի գաղափարախօսական միասնութիւն և կազմակերպական ապակենտրոնացում։

Advertisements

Leave a Comment so far
Leave a comment



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s



%d bloggers like this: